ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը պետք է հրաժարվի պատգամավորի մանդատից: Մի խումբ մտավորականների կարծիքով այս տեսակետն այլընտրանք չունի։ «Բարոյական և հասարակական նորմատիվային բազայի վրա այստեղ ավելի քան ակնկալելի է հրաժարականը»,-նշում է Լարիսա Ալավերդյանը։ Ռուբեն Հայրապետյանին պատկանող Հարսնաքար ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկվելու հետևանքով ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանությունը մտավորականները մեր հասարակության մեջ համարում են օրինաչափություն: «Ես առանձին չեմ տեսնում այս դեպքը, ընդհանուր իրավիճակից բխած, ընդհանուր իրավիճակին հարազատ երևույթ է»,-ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։ Տեղի ունեցածի համար հայ մտավորականները մեղադրում են բոլորին, այդ թվում՝ նրանց, ովքեր չեն բացառում, որ նման երեւույթը կարող էր լինել ոչ միայն «Հարսնաքարում»։ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի համոզմամբ՝ հանցագործը ոչ միայն Ռուբեն Հայրապետյանն է, այլև բոլոր նրանք, ովքեր ասում են, որ նա հանցագործ չէ։ Մտավորականները բոլոր քաղաքացիներին կոչ են անում մոռանալ «Հարսնաքարի» տեղը։ «Սպանդանոց չի կարելի գնալ ճաշելու»,- ասաց Ռուբեն Բաբայանը։