Այսօր՝ մայիսի 4-ին, Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի վրա գտնվող Բանգլադեշ թաղամասի բնակիչները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նշում էին, որ իրենց թաղամասում աղբահանությունը բարձիթողիի վրա է: Մոտ 20-ից ավելի շենքերի աղբը օրերով չի տեղափոխվում, ողջ տարածքում կուտակված աղբի հետևանքով տիրում է գարշահոտություն, իսկ երեկոյան շներն ու կատուները վխտում են աղբի մեջ, կովերն էլ աղբ են արածում: Պատկան մարմիններն էլ ասես աչքերներին հարսի քող քաշած լինեն. ոչինչ չեն տեսնում կամ չտեսնելու են տալիս: «Ամեն անգամ ահը սրտներիս վախենում ենք, թե երեխաները կվարակվեն, քանի որ խաղալու տեղ էլ չի մնացել աղբի տարածման հետևանքով: Ընտրություններից ընտրություն թեկնածուները հանդիպում են՝ խոստանալով, որ աղբահանության վիճակը կկարգավորվի, սակայն նրանց խոսքը աղբի նման մնում է բաց: Իրավիճակին տեղյակ է նաև Արտաշատի քաղաքապետը, սակայն սայլը տեղից չի շարժվում, փոխարենը թաղամասում գոյանում են մինի աղբանոցներ»: Մանրամասները՝ Գագիկ Շամշյանի տեսանյութում